ՈՒզում եմ ՝ շատերը կարդան, անգամ՝ կողքով ուղղակի անցնողները...
Կարդան՝ շա՜տ ուշադիր...
Ինձ համար Արցախցուն այս իրավիճակում, այս արհեստական հոգետանջության պայմաններում քարկոծողը համարվում է ոչ թե երկրորդ, այլ չգիտեմ՝ որերորդ որակի («սորտի») Հայ:
Եկե՛ք ապրեք այստեղ, գոնե 2-3 օր, հետո կքննադատեք մարդկանց:
Ամեն օր անցակետից տեսանյութեր են հրապարակվում, որտեղ երևում է՝ ինչպես են մարդիկ տուն-տեղ թողած՝ լքում Հայրենիքը:
Մեկնողների մեջ միայն տղամարդիկ չեն, կանայք և երեխաներ ևս լինում են:
Այսօրվա իրականությունը բերել համեմատում եք պատերազմի հետ:
Պատերազմից «թռածներին» Ձեզ հետ հավասար ամենավերջին բառերով վիրավորում եմ ու կվիրավորեմ, բայց հիմա իր ընտանիքի, երեխայի, ծնողների մասին, նրանց ապագայի մասին մտածող մարդկանց քարկոծելը սխալ եմ համարում, անհանդուրժելի սրիկայություն:
Մի՛ դատեք, որ չդատվեք:
44-օրյա պատերազմին հայրս, ես ու 2 եղբայրներս մասնակից եղանք. մի տնից 4 տղամարդ: Քանի՞ այդպիսի ընտանիք կարող եք ցույց տալ. մատների վրա հաշվված են:
Ընդ որում, փոքր եղբորս հետ նույն դիրքում էինք. մեզ համար կրկնակի, եռակի, քառակի պատերազմ էր:
ՈՒ չեմ ուզում որևէ մեկի շուրթերից լսել՝ «մերոնք զոհվեցին, վիրավորվեցին, գերեվարվեցին, ձերոնք փախան, չկվռվեցին», և այլն, և այլն...
Արցախում չկա ընտանիք, որ պատերազմը կողքով անցած չլինի և իր հետքը թողած չլինի:
Չեմ ուզում լսել՝ մեր Տղերքը, ձեր Տղերքը...
Մենք մեկ Ազգ ենք, մեկ Ընտանիք, մեկ Հայրենիք: Պետք չէ զատել ու զանազանել:
Առ այս վայրկյանը՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր Հայ մաքառում է, իսկ այս դավաճանված ժողովրդին անվանել թուրք՝ նվազագույնը ստորություն և անբարոյականություն է:
Ինձ համար ազգը մասնատողը թշնամի է՝ թուրքից ավելի հրեշավոր, ավելի արնախում ու սարսափելի. կապ չունի Արցախի՞ց է, Երևանի՞ց, Գյումրիի՞ց, Վանաձորի՞ց, Գավառի՞ց, թե՞ մեկ այլ տեղից:
Հայրենասեր, հայրենիքի ցավով ապրող մարդը Հայրենիքի սրտի մեջ սուր չի խրում, այլ վիրակապում է վերքերը, որ չարյունահոսի, արնաքամ չլինի:
Խոսքս աշխարհասփյուռ Հայերին է վերաբերում, բոլոր-բոլորիս:
(Ո՜նց քանդեցին էս ազգը սրիկա իշխանավորները):
Հիմա հատուկ էն մարդկանց համար եմ գրում սա, ովքեր կասեն՝ դու Արցախու՞մ ես:
Պատասխանեմ՝ այո՛, Արցախում եմ: Արցախում եմ և սահմանն եմ պաշտպանում:
Սահման եմ հսկում՝ ինձ, քեզ, նրա, մեզ բոլորիս համար, ու երբ կարդում եմ իրար հանդեպ թշնամանք «շնչող» տողեր, հուսալքվում եմ, ավելի ատում՝ առանց այն էլ՝ էսքան ատելի իրականությունը:
Մի՞թե մեր թշնամուն հենց սա չէ պետք՝ իրար հոշոտենք, իրար վիրավորենք, իրար սև ու սպիտակ թուրք անվանենք:
Որ կարդում եմ՝ «ղարաբաղա բաջի», «զոմբի», «ժեխ» և նմանատիպ բառեր՝ հուսալքվում եմ, ուզում եմ փախչել էս իրականությունից, չեմ ուզում հավատալ, որ սա իրականություն է, ու մենք ապրում ենք նրա մեջ:
Հերի՛ք է իսկապես, եկե՛ք հանդուրժողականություն ցուցաբերենք, չտառապենք անձապաշտությամբ: Յուրաքանչյուրս մեզ մի րոպե դնենք դիմացինի տեղը՝ հետո քննադատենք:
Ես հավատում եմ իմ ազգին, նրա միասնական ոգուն, նրա պայքարին:
Հավատում եմ վաղվա արշալույսին:
Արցախն ու Հայաստանը նորից կծաղկեն, և կհնչի հաղթանակի սիմֆոնիան:
Հանուն մեր սահմանապահ Տղերքի՝ զսպվածություն ցուցաբերենք բոլորս: